Գեղամ Ջիվանյան. Տվյալագիտությունը կարևոր է, եթե անընդհատ առաջ ես գնալու։

16/06/2021

   Beyond Learning Hub-ում չափից դուրս 

      լուրջ են վերաբերվում ամեն ինչին,

       շատ մանրակրկիտ են աշխատում։

 

 Python: Intro to Data Science դասընթացի դասախոս Գեղամ Ջիվանյանը պատմում է, թե ինչու է տվյալագիտությունը ցանկացած ոլորտի համար կարևոր և ինչով են առանձնահատուկ Beyond Learning Hubի դասընթացները: 

Տվյալների գիտություն տարբեր կենտրոններում դասավանդում եմ մոտ երեք տարի, նաև ծրագրավորման հիմունքներ եմ դասավանդում Երևանի պետական համալսարանում: Նման դասընթացների ու համալսարանական կրթության միջև դժվար է համեմատություն անցկացնելը, քանի որ լսարանները շատ տարբեր են։ Ուսանողները համալսարան գալիս են անմիջապես դպրոցն ավարտելուց հետո, որովհետև ուզում են տվյալ մասնագիտությունը սովորել, իսկ դասընթացների դիմում են հիմնականում այն մարդիկ, որոնք ցանկանում են մասնագիտություն փոխել։

 

Այլ մասնավոր կենտրոնների հետ համեմատած՝ Beyond Learning Hub-ի ամենամեծ տարբերությունն այն է, որ այստեղ դասերն օնլայն են, այսինքն՝ գործընթացը կազմակերպվում է վիդեոհոլովակների և վեբինարների միջոցով։ Դասախոսներս վիդեոդասերը նախօրոք պատրաստում ենք ու կիսվում ուսանողների հետ։ 

 

Վիդեոհոլովակներից բացի շաբաթական վեբինարներ են կազմակերպվում, որոնց ժամանակ դասախոսի հետ հանձնարարված առաջադրանքների արդյունքների քննարկում է լինում։ Վիդեոդասերը տրվում են շաբաթական երկու անգամ, նաև ամբողջ օրվա ընթացքում հնարավոր է դասախոսի հետ ինտերակտիվ կապ պահպանել նամակների կամ զանգերի միջոցով։ Ուսանողների տված հարցերի բովանդակությունից հասկանում եմ, թե որքանով են ընկալել դասը, երբեմն կարիք է լինում առանձին զանգ անել, լրացուցիչ նյութեր տրամադրել, ուսանողներին իրար հետ կապել:

 

Դասընթացի վերջում լավագույն ուսանողների համար մեկ ամիս պրակտիկայի հնարավորություն է ընձեռնվում հայաստանյան ընկերություններից մեկում։ Խմբում 10-11 հոգի են, պրակտիկայի համար ընկերությունն ինքն է ընտրում ուսանողներին՝ կախված նրանց կատարած աշխատանքներից։

 

Beyond Learning Hub-ը մշտապես հետևում է դասընթացի որակին, և՛ ուսանողներից, և՛ դասախոսից անընդհատ ֆիդբեք է հարցնում: Այս ֆիդբեքերը շատ են օգնում, որ հետագայում ավելի մեծ ուշադրություն դարձնես դասավանդման վրա ու իմանաս՝ ուսանողների հետ ինչպես շփվել։ Beyond Learning Hub-ում ես արդեն մեկ դասընթաց ավարտել եմ, մյուսը նոր եմ սկսել։ 

 

Դասավանդման իմ մեթոդներից մեկում ընկած է ուսանողին մասնագիտական տեսանկյունից ճիշտ խոսել սովորեցնելը: Կարևոր է ձևակերպումները ճշգրիտ կազմել, խնդիրը կարդալիս ճիշտ բաժանել մասերի, որպեսզի հասկանաս պահանջը, ընթացքը։ Շատ դեպքերում ուսանողը տեսականը հասկանում է, բայց նույնիսկ պարզ խնդիրների դեպքում դժվարությունների է բախվում։ Ըստ իս, եթե ինչ-որ բան հստակ չես կարողանում նկարագրել, ուրեմն դու այն հստակ չես հասկացել։ 

 

Սկզբում ուսանողները դժվարությամբ են իմ այս պահանջն անում, քանի որ դժվար են պատկերացնում, թե ինչու է կարևոր ճիշտ հայերենով ինչ-որ բան սահմանել, եթե խոսքը ծրագրավորման մասին է։ Մինչդեռ բոլոր ոլորտներում է ճիշտ լեզվամտածողությունը կարևոր, որ գործընթացը ճիշտ ուղղությամբ ընթանա, սահմանումները հստակ բացատրվեն ու հասկացվեն, թե ինչու է տվյալ բանը տվյալ կերպ աշխատում։ 

 

Այս մասնագիտության մեջ մարդկանց ձգում է թվերի խաղը, երբ կարողանում են տվյալների հետ այնպիսի հրաշք բաներ անել, որ սովորական աչքով չես տեսնի։ Առաջին հայացքից սովորական թվերի շարքը կարող է շատ հետաքրքիր ինֆորմացիա տալ այն երևույթի մասին, ինչից այդ թվերը դուրս են բերվել։ 

 

Տվյալագիտությունը շատ հետաքրքիր մասնագիտություն է, քանի որ աշխարհը նման հետազոտությունների վրա շատ է հիմնված։ Օրինակ ուսումնասիրելով կայքում օգտատիրոջ քայլերի հերթականության տվյալները՝ կարող ես հասկանալ, թե ինչքանով է համապատասխան այդ արտադրանքի դիզայնը: Այսինքն՝ կարող ես գնահատել դիզայների աշխատանքը՝ կատարելով թվերի վերլուծություն: 

 

Շատերը սկսում են հետաքրքրվել տվյալագիտությամբ, երբ ուզում են, օրինակ, իրենց գործում ավելի արդյունավետ աշխատել: Իմ դասընթացներին հաճախ են մասնակցում բանկի աշխատակիցներ, որոնք իրենց գործը արդյունավետ դարձնելու համար ցանկանում են տվյալագիտություն սովորել: Տվյալագիտությունը հենց դրանով է ճկուն, քանի որ այն բոլոր մասնագիտությունների համար է կարևոր. բոլորն էլ տվյալների հետ են աշխատում։ 

 

Եթե քո մասնագիտության մեջ ուզում ես անընդհատ առաջ գնալ և ունես հետազոտական բնույթի հետաքրքրություններ, ապա տվյալագիտությունը ցանկացած գործի մեջ օգտակար է։ Հիմնականում տնտեսագետներն են դիմում այս դասընթացին, չնայած ունեցել եմ նաև ուսանող քաղաքագիտությունից։

 

Ուսանողները դասընթացին դիմում են տվյալագիտությունից զրոյական գիտելիքներով, ծրագրավորման գիտելիքների պահանջ նույնպես չկա, պարզապես ցանկալի է դպրոցական մաթեմատիկայի գիտելիքները գոնե վերհիշած գալ։ Մենք մեքենայական ուսուցման հիմնական ալգորիթմներն ենք սովորում, որպեսզի պատկերացում կազմվի, թե ինչպես կարելի է տվյալներով որևէ մոդել կառուցել ու հետագայում այն օգտագործել։ 

 

Նման դասընթացները շատ կարևոր են, որովհետև ոլորտում այս մասնագետների պահանջը մեծ է։ Մյուս կողմից, դասընթացները շատ են, բայց որակի վերահսկման մեխանիզմներ չունեն, այդ պատճառով կան շատ սովորածներ, քիչ աշխատանքի ընդունվածներ։ 


Beyond Learning Hub-ում չափից դուրս լուրջ են վերաբերվում ամեն ինչին, շատ մանրակրկիտ են աշխատում, նույնիսկ մանկավարժությունից հասկացող մասնագետ ունեն, որը հենց դասախոսներիս հետ է աշխատում, ուղղություն տալիս։ Մեզ համար նույնպես այս ամենը հետաքրքրիր փորձ է, քանի որ ՏՏ ոլորտից ով գնում է դասավանդման, մանկավարժական փորձ չունի: