Անահիտ Հակոբյան. Project Management-ն ավելի շատ մտածելակերպ է

23/04/2021

Եթե կա նպատակ, հաստատ արժե ներդրում անել դասընթացների վրա։ 


Beyond Learning Hub-ի IT Project Management դասընթացի շրջանավարտ 31-ամյա Անահիտ Հակոբյանը պատմում է IT կարիերա սկսելու իր ցանկության ու տեղեկատվական ոլորտ տեղափոխվելու կարևորության մասին։

Մասնագիտությամբ սոցիոլոգ և PR մասնագետ եմ, ներկայումս զբաղված եմ սոցիոլոգիական հետազոտություններով, նաև դասավանդում եմ PR հիմունքներ և հետազոտությունների մեթոդներ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։

Մինչև Beyond Learning Hub-ի դասընթացին դիմելը գործի բերումով հետազոտական ոլորտում նախագծի կառավարման որոշակի փորձ եմ ունեցել։ Ղեկավարել եմ սոցիոլոգիական հետազոտության նախագիծ, որի շրջանակում մի քանի ամիս հեռախոսային հարցումներ ենք իրականացրել։ Այս գործում ինձ հետաքրքրում էր հատկապես այն նոր մոտեցումները, որոնք ավելի շատ ՏՏ ոլորտում են կիրառվում։

Որոշեցի խորանալ ՏՏ ոլորտում, որովհետև այն ավելի զարգացած է ու պրոֆեսիոնալ՝ ի տարբերություն մյուս ոլորտների։ Բացի IT Project Management-ի նկատմամբ իմ հետաքրքրությունից, կարևորում եմ նաև ֆինանսական գործոնը, որովհետև նույն ծանրաբեռնվածության և նույն պաշտոնի աշխատանքը տեխնոլոգիական ոլորտում ավելի բարձր է գնահատվում։

Beyond Learning Hub-ի հայտարարությունը տեսել եմ course.am կայքում, բայց միաժամանակ այլ դասընթացների հայտարարություններ ևս դիտարկել եմ։ Հասանելի էր Beyond Learning Hub-ի թրեյների մի տեսանյութ, որտեղ շատ մանրամասն ներկայացվում էր դասընթացի բովանդակությունը․ հենց դա էլ ինձ ամենաշատը գրավեց։ Beyond Learning Hub-ի-ի մասին առաջին անգամ էի լսում ու դիմելիս չգիտեի, որ մեկ տարվա ընկերություն են. եթե իմանայի, հավանաբար չէի ընտրի ու ավելի փորձառու ընկերության կդիմեի։ Թրեյնինգի ավարտից հետո միայն իմացա, որ Beyond-ը ոլորտում նոր է, անկեղծ ասած, շատ զարմացա, որովհետև ամեն ինչ շատ պրոֆեսիոնալ էր կազմակերպած, շատ կայացած էր։

Agile, Scrum ու Kanban մոտեցումները շատ էի հանդիպել՝ թե աշխատանքային հայտարարություններում, թե LinkedIn-ում, ուզում էի իմանալ ի վերջո՝ դրանք ինչ են։ Ակնկալում էի մաքսիմալ պրակտիկ դասընթաց, որը համացանցում չեմ կարող գտնել․ չէ՞ որ այսօր ամեն ինչ կարելի է ինքնուրույն YouTube-ով սովորել։ Մեծ հաշվով իմ ակնկալիքներն իրականացան, չնայած կուզենայի ավելի պրակտիկ լիներ, քանի որ շատ բան ինձ մոտ դեռևս տեսական մակարդակում մնաց: Մինչև չմտնեմ ոլորտ, չսկսեմ աշխատել, 100%-ով չեմ պատկերացնի սովորածս։ Գնահատում եմ նաև ոլորտում պրոֆեսիոնալների հետ մեր շփման հնարավորությունը, որը նույնպես համացանցով չես ստանա։

Դասընթացի արդյունքում ձեռք եմ բերել ֆունդամենտալ մակարդակի գիտելիք, որը վերաբերում է ՏՏ ոլորտի նախագծերի ղեկավարման ընդհանուր մոտեցումներին։ Այս գիտելիքները միաժամանակ իմ ներկայիս գործին են օգնում․ ես այն ավելի շատ մտածելակերպ եմ համարում։ Նախկինում ունեի խնդիր՝ կապված ամեն ինչ սկզբում որոշելու և ըստ պլանի աշխատելու հետ, մինչդեռ դասընթացից մեր սովորած մոտեցումները հակառակն են՝ ամեն ինչ ճկուն է, փոփոխական, կարելի է փորձի վրա փոխել ու զարգացնել։

Ինձ նման սկսնակների համար է այս դասընթացը՝ այն մասնագետների, որոնք ուզում են ՏՏ ոլորտից ու մասնագիտությունից ընդհանուր պատկերացում ստանալ ու մտնել թեմայի մեջ։ Այս դասընթացում ինձ ամենաշատը դուր է եկել պրոֆեսիոնալ կազմակերպվածությունը, կոնկրետ բովանդակությունն ու թիմային աշխատանքի հետաքրքիր փորձը։

ՏՏ ոլորտն այսօր շատ զարգացած է, ու եթե ուզում ես ավելի պրոֆեսիոնալ միջավայրում և լավ պայմաններում աշխատել, արժե կարիերա սկսել այս ոլորտում՝ հատկապես հիմա, երբ մասնագետների պահանջը շատ մեծ է։

Նման թրեյնինգներին մասնակցելը գնահատվում է նաև գործատուների կողմից․ չէ՞ որ դու փորձել ես ու ներդրում ես արել գիտելիք ձեռք բերելու համար: Դա ցույց է տալիս, որ դու լուրջ ես վերաբերվում նպատակներիդ։ Իսկ թե արդյոք նման դասընթացը «տոմս» կլինի՞ դեպի ՏՏ ոլորտ, կախված է մարդուց, իր ցանկություններից, նախկին փորձից ու ծանոթություններից։ Եթե կա նպատակ, հաստատ արժե ներդրում անել դասընթացների վրա։