Մարիա Սալմասյան․ դասընթացն իմ սպասածից ավելի արդյունավետ էր

04/06/2021

 

Ինչ սովորել եմ դասընթացից,

 միանգամից օգտագործել եմ:

 

Beyond Learning Hub-ի Software Engineering & Java դասընթացի շրջանավարտ 20-ամյա Մարիա Սալմասյանը պատմում է համալսարանից զատ ավելի պրակտիկ գիտելիքներ ձեռք բերելու և դասընթացից հետո աշխատանքի ընդունվելու մասին:  

Սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանի Համակարգչային գիտություն բաժնում, բակալավրիատի երկրորդ կուրսում եմ: Քանի որ համալսարանում խորացված են դասավանդում, ամեն ինչ ավելի երկար է տևում, իսկ ես այդ ընթացքում ուզում եմ ավելի արագ սովորել, հետո կրկին համալսարանին զուգահեռ սովորածս կրկնել: 

 

Beyond Learning Hub-ի դասընթացն անընդհատ Facebook-ում տեսնում էի, ու քանի որ ակտիվ սկսել էի դասընթացներ փնտրել, դիմեցի հենց Beyond Learning Hub-ի Software Engineering & Java դասընթացին: Դասընթացում սովորածիս կեսն արդեն անցել էի համալսարանում, այդ պատճառով ի տարբերություն մյուս մասնակիցների, այն ինձ համար ավելի հեշտ էր: 

 

Մյուս կողմից, դասընթացի շնորհիվ ամրապնդել եմ գիտելիքներս ու դրա վերաբերյալ փորձ եմ ձեռք բերել: Նոր գիտելիքներ նույնպես ստացել եմ, սովորել եմ նաև այնպիսի բաներ, որ հնարավոր է համալսարանում չանցնեմ: Օրինակ՝ դատաբազաների հետ աշխատանքն անցնելու եմ երրորդ կուրսի առաջին կիսամյակում, ալգորիթմները հիմա եմ անցնում, իսկ վեբ ծրագրավորում համալսարանում չեմ անցնի, քանի որ այն հիմնական առարկա չէ, ու համալսարանում պետք էր դա որպես առանձին դաս վերցնեի: Ֆունկցիոնալ ծրագրավորում նույնպես Ամերիկյանում դժվար անցնեմ: 

 

Software Engineering & Java դասընթացն իմ սպասածից ավելի արդյունավետ էր, չնայած օնլայն էր: Օնլայն այդքան էլ չեմ նախընտրում. սիրում եմ, երբ ամեն ինչ տեղում է լինում: Բայց այս դասընթացից շատ բան սովորեցի, ամենակարևորն անմիջականությունն էր: Երկու դասախոսներն էլ այնպիսի միջավայր էին ստեղծում, որ ցանկացած պահի ինչ հարց ունենայի, կարող էի ասեի ու նրանք կբացատրեին: Մինչ դասընթացն ինձ թվում էր՝ ամեն ինչ պաշտոնական է լինելու, իսկ ես պաշտոնական միջավայրում մոտիվացիաս կորցնում եմ, բայց եղավ հակառակը: 

 

Beyond Learning Hub-ից անընդհատ մեր կարծիքն էին հարցնում, թե ինչքանով ենք գոհ, ինչը կցանկանայինք փոխել, ինչը՝ ոչ: Օրինակ՝ ես նախընտրում եմ մի բան սովորելիս դրա մասին լավ կարդալ, ինֆորմացվել, նոր այդ ամենը տեսնել: Իսկ դասընթացի սկզբում, երբեմն, քիչ էր լինում ինֆորմացիան, ավելի շատ դասընթացի ժամանակ էր ասվում: Երբ առաջարկեցի նախօրոք մեզ ավելի շատ գրականություն տալ, որ դասին ավելի լավ պատրաստ լինենք, իմ ֆիդբեքը հաշվի առան ու սկսեցին նախապես ավելի խորացված ինֆորմացիա տրամադրել: 

 

Ինչ սովորել եմ այս դասընթացից, միանգամից օգտագործել եմ, այդ պատճառով եմ ասում, որ դասընթացը շատ արդյունավետ էր: Երբեմն, երկար ու խորացված սովորելուց հետո, մոռանում ես սովորածդ: Միշտ չէ, որ երկար սովորածը միանգամից հիշում ես, երբ այն օգտագործելու պահն է գալիս: Այդ պատճառով այս դասընթացի ամենալավ մասն այն էր, որ ինչ սովորում էինք, միանգամից պրակտիկ կիրառում էինք, ու այդ ամենն անմիջապես տպավորվում էր: 

Դասընթացից հետո ես աշխատանքի եմ ընդունվել: Տվյալ պահին աշխատում եմ Energize Global Services ընկերությունում, Java ծրագրավորող եմ: Իրականում ես ընդհանրապես հույս չունեի, որ կընդունվեմ աշխատանքի, որովհետև ոչ մի աշխատանքային փորձ չունեի, բայց մի քանի տեղ և՛ աշխատանքի, և՛ պրակտիկայի դիմելուց հետո, ինձ ընդունեցին աշխատանքի: 

 

Դասընթացները շատ կարևոր են, քանի որ համալսարանն ավարտելուց հետո քեզ ոչ մեկ միանգամից աշխատանքի չի ընդունում: Նույնիսկ պրակտիկայի համար հնարավոր է ինչ-որ գիտելիքի կամ փորձի պակաս ունենաս, իսկ դասընթացների մասնակցելով՝ կարող ես ընդհանուր պատկերացում կազմել մասնագիտությունից ու փորձ ձեռք բերել: 

 

Դասընթացի ժամանակ ամեն մեկս մեր ծրագիրն ենք արել, ինչը մեզ այնպիսի փորձ է տվել, որ կարող ենք CV-ում ավելացնել: Այս դասընթացները, բացի փորձ ապահովելուց, ապահովում են նաև ոլորտի մասնագետների հետ կապ:

 

Ինչքան ժամանակն անցնում է, այնքան նորանոր տեխնոլոգիաներ են հայտնվում, որոնք կապված են ծրագրավորման հետ: Եթե մասնագիտությամբ ծրագրավորող էլ չես, միևնույն է առնչվելու ես դրա հետ, այդ պատճառով կարծում եմ՝ յուրաքանչյուրը պետք է տեղյակ լինի այս մասնագիտությունից: Իսկ եթե իսկապես հետաքրքրված ես և ուզում ես նույնիսկ մասնագիտությունդ փոխել ծրագրավորում սովորելու համար, ապա շատ ճիշտ ճանապարհ է դիմել նման դասընթացների ու խորանալ դրանց մեջ: Բացի այդ, դասընթացը համալսարան չէ. եթե դիմես ու չհավանես, կարող ես չշարունակել: