Նինա Սեդրակյան. UX/UI Design-ի դասընթացները շատ կարևոր են, քանի որ համալսարաններում չկան

18/06/2021

Նման դասընթացները շատ կարևոր են մասնագիտության հիմքը ճիշտ դնելու համար։ 

 

UX/UI Design դասընթացի դասախոս Նինա Սեդրակյանը պատմում է UX/UI-ի շուրջ հյուսված միֆերի ու այն մասին, թե ինչպես են տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ կյանքի ինչ-որ փուլում ցանկանում աշխատանքի ոլորտ փոխել ու դիզայն սովորել։ 

 

Սա դասավանդման իմ առաջին փորձն է. սկզբում բավականին վախենալու էր, որովհետև պատասխանատվությունը մեծ էր, բայց ամեն ինչ իր տեղն ընկավ, երբ Beyond Learning Hub-ի մասնագետների հետ մշակեցինք ընդհանուր դասընթացն ու պատրաստեցինք բոլոր հնարավոր հարցերի պատասխանները: 

Մասնագիտությամբ դիզայներ եմ ու դասընթաց կազմելու փորձ երբևէ չեմ ունեցել: Այդ պատճառով շատ գնահատում եմ Beyond Learning Hub-ի կողմից ցուցաբերված օգնությունը, երկար պատրաստությունը: Beyond Learning Hub-ում մեծ էր հետևողականությունն ու անկեղծ հետաքրքրությունը բոլոր դասընթացների նկատմամբ. նրանք ամեն կերպ օգնում են, դասերը խմբագրում, ծրագիրը գրելու ժամանակացույց կազմում, օրինակներ տալիս…

Դասընթացը մշակելու ժամանակ փորձել ենք հասկանալ՝ ովքեր են մեր ուսանողները և ինչ ակնկալիքներ են ունենալու մեզնից: Արդյունքում հասկացանք, որ պետք է սկսնակների հետ աշխատենք, քանի որ նրանց պահանջարկն է մեծ: Բացի այդ, ունենք մեծ քանակությամբ մարդիկ, որոնք ուզում են մասնագիտություն փոխել ու հետաքրքրված են UX/UI-ով: 

Սկսում ենք ֆունդամենտալ գիտելիքից, նույնիսկ ամենատարրականից, թե ինչ է գիծը, որն է գունատեսությունը։ Այսինքն՝ այն ամենը, ինչ ցանկացած դիզայներ գիտի համալսարանից կամ դասախոսի հետ պարապելուց: Նույնիսկ եթե դասընթացը վերջանում է, ուսանողները մշտապես դասերը վերանայելու հնարավորություն ունեն, քանի որ դրանք վիդեոհոլովակների տեսքով են։ Ուսանողները հանգիստ են նաև, որ կարող են միշտ ինձ գրել ու հարցեր ուղղել։ 

Մեր առաջին խմբից միայն մեկ-երկու հոգի ինչ-որ չափով կապ ուներ դիզայնի հետ, մեծամասնությունը հենց բուն դիզայնից ու առավել ևս UX/UI-ից հեռու էր: Ուսանողների մեջ կային Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն ավարտածներ, բանկում կամ Մաքսային ծառայությունում աշխատողներ, որ ուզում էին մասնագիտություն փոխել: 

Ինձ համար նաև մեծ մարտահրավեր էր դասավանդել մարդկանց, որոնք ընդհանրապես կապ չունեն այս մասնագիտության հետ: Մտավախությունը մեծ էր, չէի հասկանում, թե ինչքան արագ կարող են այս մարդիկ ընկալել բացատրածս, չնայած վերջում իրենց տված հարցերից հասկացա, որ բավականին հետաքրքրված են: Իսկ երբ ունեցանք, այսպես ասած, ավարտական ցուցադրություն, բոլորն ունեին պատրաստի ռեդիզայն արած կայքեր:

Այս մասնագիտության հետ կապված շատ միֆեր կան, ու երբ ծանոթ չես UX/UI-ին, թվում է՝ շատ հեշտ ու լավ վարձատրվող աշխատանք է: Նախնական հարցազրույցների ժամանակ դիմողներից շատերն էին օդային կարծիք հայտնում դիզայնի վերաբերյալ՝ գույներ, համաչափություններ․․․ Հետո, հավանաբար, մի քիչ տխրեցին, երբ տեսան տեխնիկական հատվածը նույնպես մեծ է։

Այսօր նման մեծ հետաքրքրություն կա UX/UI-ի հանդեպ, որովհետև շատ պահանջված մասնագիտություն է։ Ժամանակին էլ կար UX, բայց ուրիշ ձևաչափերով էր ներկայացված՝ ավելի ինժեներական տեսքով, հետագայում երբ համացանցը սկսեց մտնել մեր առօրյա, այն ավելի օնլայն հարթակի մասնագիտություն դարձավ։ Հիմա ամեն օր աշխարհում նոր պրոդուկտ է դուրս գալիս, որի վրա պետք է աշխատել՝ սկզբից ստեղծել, ընթացքում աջակցել։ Այսինքն՝ այս մասնագիտությունը պահանջված է ու միշտ պահանջված է լինելու, նաև լավ վարձատրվող՝ նույնիսկ Հայաստանում։ 

Իսկ եթե նայենք փիլիսոփայական անկյունից, UX-ը գեղեցկություն ու հարմարավետություն ստեղծելու գործիք է։ Չնայած ավելի կարևոր է հարմարավետությունը, որովհետև հիմա բոլորս շատ արագ ենք ապրում ու մեզ պետք է ժամանակ չծախսել ինչ-որ բանի վրա․ չէ՞ որ, եթե որոշել ենք ուտելիքն օնլայն պատվիրել, ուրեմն ժամանակ չունենք խանութ գնալու: Այսինքն՝ կայքի դիզայնը պետք է այնպես անել, որ ծառայությունը խանութից արագ լինի ու հարմար։ Ես միշտ մեր ուսանողներին ասում եմ՝ օգտատերը մեր աստվածն է, ամեն ինչ պետք է անենք, որ նրան հարմար լինի:

Երբ ուսանողները նոր են սկսում մասնագիտությունը բացահայտել, ծրագրին ծանոթանալ, լարվում են, իրենց թվում է՝ ոչինչ չեն կարող անել, որովհետև սկզբում կենտրոնանում են այն մտքի վրա, որ ծրագրին չեն տիրապետում։ Իսկ երբ ցույց ես տալիս, թե ինչպես կարող ես այդ հատվածը դիզայնով ստանալ ու ծրագիրն ընդամենը գործիք է, զարմանում են ու սկսում ավելի շատ բան փորձել։ UX-ի ծրագրերով կարող ես անիմացիա էլ ստանալ, և երբ ուսանողները դրան էլ են տիրապետում, ավելի են ոգևորվում ու մտածում, թե հրաշքներ են գործում։ 

Հայաստանի համալսարաններում մենք ունենք ընդհանուր դիզայնի ֆակուլտետներ, ունենք գրաֆիկ դիզայնի ֆակուլտետներ, բայց UX/UI դիզայնի ակադեմիական կրթություն չկա։ Այսինքն՝ այն մասնագետները, որոնք այսօր աշխատում են ոլորտում կամ սովորել են դրսում կամ իրենք իրենցով են պրպտացել։ 

Եթե 17 տարեկանն այսօր դպրոցն ավարտի ու որոշի UX սովորել, համապատասխան համալսարան չի գտնի, անգամ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիան չունի UX, հուսով եմ՝ շուտով կունենա։ Որպեսզի այս մարդիկ ստիպված չլինեն տարբեր տեղերից սովորել, նման դասընթացները շատ կարևոր են մասնագիտության հիմքը ճիշտ դնելու համար։ Հետագայում էլ տարբեր ընկերություններում փորձաշրջան անցնելուց հետո կարող են մասնագետ դառնալ։