fbpx

ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՎՃԱՐՈՎԻ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

1. Պայմանագիր

1.1 Սույն Պայմանները սահմանում են «Beyond Learning Hub» և այլ ապրանքային նշանների ներքո գործող «Բիյոնդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկե¬րության (ստորև՝ «Կազմակերպություն») կողմից ՏՏ ոլորտում վճարովի Դասընթացների մատուցման (ստորև՝ «Ծառայություն») ընդհանուր պայմանները:
1.2 Կազմակերպության գովազդը կամ այլ կերպ Ծառայությունների ներկայացումը Պայմանների և որևէ Դասընթացի պայմանների համաձայն Ծառայություններից օգտվելու օֆերտա (առաջարկ) կատարելու հրապարակային հրավեր է։
1.3 Ծառայություններից օգտվելու օֆերտան համարվում է Կազմակերպության կողմից ակցեպտավորված (հաստատված) Ծառայությունների համար վճարելու պահից, և այդ պահից օֆերտան և Պայմանները, համապատասխան Դասընթացի պայմանների հետ մեկտեղ, կազմում են Կազմակերպության և Սովորողի միջև կնքված, կատարման համար պարտադիր պայմանագիր (ստորև` «Պայմանագիր»):

2. Սահմանումներ

2.1 Այնքանով, որքանով համատեքստից այլ բան չի բխում, Պայմանագրում օգտագործվող բառերն ու արտահայտություններն ունեն հետևյալ նշանակությունը.
2.2 Սովորող` ֆիզիկական կամ իրավաբանական անձ, որի օֆերտան ակցեպտավորել է Կազմակերպությունը:
2.3 Ծառայություններ` Կազմակերպության կողմից Պայմանագրի համաձայն մատուցվող Դասընթաց և հարակից այլ ծառայություններ:
2.4 Դասընթաց՝ Կազմակերպության կողմից մատուցվող ծառայության հիմնական բաղադրիչ հանդիսացող տեղեկատվության և վերջինիս մատուցման մեթոդների ու եղանակների ամբողջություն, որի բարեհաջող մատուցումը Ծառայության մատուցման հիմնական նպատակն է։
2.5 Կողմ` Պայմանագրի կողմ հանդիսացող անձ` Կազմակերպությունը կամ Սովորողը:
2.6 Պայմաններ՝ սույն ընդհանուր պայմանները:

3. Ծառայություններ

3.1 Ծառայությունների նկարագրությունը, դրանց արժեքը, պայմանները և կանոնները սահմանվում են Կազմակերպության կողմից:
3.2 Այլ բան սահմանված չլինելու դեպքում, Ծառայությունները մատուցվում են ըստ Կազմակերպության կողմից սահմանված ժամանակացույցի, առանց ընդհատումների: Ծառայությունների մատուցումը կարող է ընդհատվել կամ Ծառայությունների որակը կարող է վատթարանալ տեխնիկական խափանումների դեպքում:
3.3 Կազմակերպությունն իրավունք ունի կիրառել հատուկ պայմաններ կամ սահմանափակումներ իր կողմից մատուցվող Ծառայությունների նկատմամբ:
3.4 Ծառայությունների ստացման հնարավորությունը, դրանց տեխնիկական և/կամ որակական հատկանիշները կարող են կախված լինել Կազմակերպության հսկողությունից դուրս գտնվող հանգամանքներից, այդ թվում` Սովորողի կողմից կիրառվող սարքավորումների որակից և տեխնիկական առանձնահատկություններից։

4. Պայմանագրի առարկան

4.1 Սույն պայմանագրով Կազմակերպությունը պարտավորվում է Սովորողին մատուցել Ծառայություններ, իսկ Սովորողը պարտավորվում է ընդունել Կազմակերպության մատուցված Ծառայությունները և վճարել սույն պայմանագրի 6-րդ գլխով սահմանված կարգով:
4.2 Կազմակերպությունը պարտավորվում է Սովորողին դասավանդել Դասընթաց:

5. Կողմերի իրավունքները և պարտավորությունները

5.1 Ի լրումն սույն պայմանագրով նախատեսվածի Կազմակերպությունը նաև պարտավոր է ՝
5.1.1 Ծառայությունները մատուցել պատշաճ որակով և ամբողջ ծավալով:
5.1.2 Ապահովել Դասընթացների անխափան անցկացման համար անհրաժեշտ պայմանները։
5.1.3 Ծառայությունների մատուցմանը խոչընդոտ հանդիսացող խնդիրների առկայության դեպքում հնարավորինս արագ վերացնել դրանք։

5.2 Ի լրումն սույն պայմանագրով նախատեսվածի Սովորողը նաև իրավունք ունի՝

5.2.1 Կազմակերպությունից պահանջել Ծառայությունը մատուցել պատշաճ որակով և համապատասխան որակավորում և գիտելիքներ ունեցող անձի կամ անձանց միջոցով:
5.2.2 Իր նախաձեռնությամբ դադարեցնել ուսուցումը` ընթացիկ ամսվա իրականացված դասերի քանակին համապատասխան վճարումից հետո։

5.3 Ի լրումն սույն պայմանագրով նախատեսվածի Սովորողը նաև պարտավոր է՝

5.3.1 Ծառայությունների դիմաց վճարել Կազմակերպության կողմից Ծառայությունների մատուցման ժամանակաշրջանին անմիջապես նախորդած գովազդված գնին համապատասխան:
5.3.2 Կազմակերպության կողմից սահմանված կարգի համաձայն մասնակցել Դասընթացներին և գնահատմանը։
5.3.3 Բացակայության դեպքում նախապես զգուշացնել, ուղարկելով նամակ learn@beyond.co հասցեին։
5.3.4 Խնամքով և նպատակային օգտագործել Կազմակերպության կողմից տրամադրվող գույքը, եթե այսպիսին առկա է։
5.3.5 Կազմակերպության կողմից տրամադրվող գույքը Սովորողի կողմից վնասելու դեպքում, անհապաղ վերանորոգել այն իր սեփական միջոցներով։ Եթե գույքին պատճառվում է վնաս և այն վերանորոգման ենթակա չէ, ապա Սովորողը պարտավոր է փոխհատուցել հասցված վնասը կամ գույքը փոխարինել նորով։

5.4 Ի լրումն սույն պայմանագրով նախատեսվածի Կազմակերպությունը նաև իրավունք ունի՝

5.4.1 Հրաժարվել սույն պայմանագրի կատարումից եթե`
5.4.1.1 խախտվում է պայմանագրի 5-րդ գլխով սահմանված կարգը 1-ից ավել անգամ։
5.4.1.2 Սովորողը չի կատարում կամ թերի է կատարում իրեն հանձնարարված տնային առաջադրանքները։
5.4.1.3 Սովորողի կողմից չի նկատվում առաջադիմություն Դասընթացների ընթացքում, այն է` ընթացիկ գնահատման և քննությունների անբավարար արդյունքներ։ Սույն կետով նախատեսված առաջադիմության գնահատման համար հիմք է ընդունվում բացառապես Կազմակերպության կողմից Դասընթացների վարմանը ներգրավված մասնագետների կարծիքը։
5.4.1.4 Սովորողը 1 ամսվա ընթացքում 1-ից ավել անգամ անհարգելի բացակայում է Դասընթացներից։
5.4.1.5 ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում։

5.4.2 Ձեռնամուխ չլինել Ծառայությունների մատուցմանը՝ նախքան Սովորողի կողմից սույն Պայմանագրի 6-րդ գլխով նախատեսված վճարային պարտավորությունների կատարումը։

5.4.3 Արգելել Սովորողի մասնակցությունը Դասընթացին՝ վերջինիս կողմից ոչ սթափ վիճակում ներկայանալու դեպքում։

5.4.4 Բացառապես իր հայեցողությամբ կազմելու և/կամ փոփոխելու Դասընթացի ծրագրերը, փոփոխելու Դասընթացի վարմանը ներգրավված անձանց։

6. Պայմանագրի գինը և վճարման կարգը

6.1 Ծառայությունների նկատմամբ կիրառվում են Սովորողի կողմից ընտրված Դասընթացի համար Կազմակերպության կողմից սահմանված գները, որոնք հրապարակվում են Կազմակերպության վեբ-կայքում և ներկայացվում Կազմակերպության գովազդներում:
6.2 Կախված Դասընթացից, Ծառայությունների դիմաց վճարումները պետք է կատարվեն կանխավճարային կամ հետվճարային եղանակով, ինչպես նաև կարող է պահանջվել երաշխիքային դեպոզիտ կամ այլ ապահովություն:
6.3 Կազմակերպության վեբ-կայքում տվյալ Դասընթացի վերաբրեյալ այլ բան նախատեսված չլինելու դեպքում առաջին վճարումը կատարվում է մինչև Դասընթացի սկիզբը։
6.4 Կազմակերպության վեբ-կայքում տվյալ Դասընթացի վերաբրեյալ այլ բան նախատեսված չլինելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ ամսվա համար Ծառայությունների արժեքը վճարվում է տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը։
6.5 Սովորողի առաջադիմությունից ելնելով՝ Կողմերի համաձայնությամբ սույն պայմանագրով նախատեսված Ծառայությունների արժեքը կարող է նվազել՝ Կողմերի միջև Պայմանագրում համապատասխան փոփոխություն կատարելով։ Սույն կետով նախատեսված առաջադիմության գնահատման համար հիմք է ընդունվում բացառապես Կազմակերպության կողմից Դասընթացների վարմանը ներգրավված մասնագետների կարծիքը։
6.6 Ծառայությունների համար կատարված վճարը ենթակա չէ վերադարձման ցանկացած պարագայում:
6.7 Սովորողի օգտին վճարում կատարող ցանկացած անձ համարվում է Սովորողի կողմից վճարման համար պատշաճ կերպով լիազորված և այդ լիազորության իրականացման նպատակով վերջինի անունից և համար գործող:
6.8 Սույն գլխով նախատեսված վճարային պարտավորությունները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում յուրաքանչյուր ուշացված օրվա համար Սովորողից գանձվում է տույժ՝ չվճարված գումարի 0,15%-ի չափով:

7. Ուսումնական նյութերի տարածումը

7.1 Դասընթացների շրջանակում առցանց կրթական միջավայրում տեղ գտած տեսանյութերը հանդիսանում են «Բիյոնդ» ՍՊԸ-ի սեփականությունը և ենթակա չեն տարածման այլ անձանց կողմից` այդ թվում նաև Սովորողի կողմից։

8. Գաղտնիությունը

8.1 Սովորողը պետք է պահպանի Կազմակերպության գործունեությանը և ապագա ծրագրերին, նրա գործընկերներին և հաճախորդներին վերաբերող, մասնագիտական, առևտրային կամ այլ գաղտնիք պարունակող տեղեկատվության, ինչպես նաև վիճակագրական կամ վերլուծական տեղեկատվության գաղտնիությունը: Սովորողը պետք է զերծ մնա առանց Կազմակերպությունից նախապես ստացված գրավոր թույլտվության նման տեղեկատվությունը երրորդ անձանց տրամադրելուց (ուղղակի կամ անուղղակի կերպով) կամ այդպիսի տեղեկատվությունը հասանելի դարձնելուց, ինչպես նաև իր կամ երրորդ անձանց օգտին օգտագործելուց:
8.2 Սովորողը տեղեկացված է, որ Կազմակերպության հաճախորդների, նրանց կողմից կատարված և ստացված հեռախոսազանգերի և հաղորդագրությունների, ինչպես նաև վճարված կամ վճարման ենթակա գումարների մասին տեղեկությունները և բոլոր ուսումնական նյութերը, այդ թվում, բայց չսահմանափակվելով՝ առցանց կրթական միջավայրում տեղ գտած տեսանյութերը հանդիսանում են գաղտնիք:
8.3 Սույն Պայմանագրի լուծման դեպքում, կամ որևէ այլ ժամանակ՝ Կազմակերպության պահանջով, Սովորողը անհապաղ վերադարձնում է Կազմակերպության Ծառայությունների մատուցման ընթացքում ստացված կամ մշակված բոլոր փաստաթղթերը, ձեռագիր նշումները, համակարգչային ֆայլերը, տվյալների բազաները և համակարգչային ծրագրերը:
8.4 Պետական իշխանությունների կամ երրորդ անձանց կողմից որևէ գաղտնի տեղեկատվություն հայցելու դեպքում, Սովորողը նման պահանջի մասին տեղեկացնում է Կազմակերպությանը:

9. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

9.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, հրդեհը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը՝ այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:

10. Կողմերի պատասխանատվությունները

10.1 Սույն Պայմանագրով չնախատեսված դեպքերում, Կողմերն իրենց պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվության են ենթարկվում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

11. Այլ պայմաններ

11.1 Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում և Կատարողի կողմից սույն Պայմանագրով նախատեսված պարտավորությունները ծագում են Սովորողի կողմից սույն Պայմանագրի 6-րդ գլխով նախատեսված վճարային պարտավորությունը պատշաճ կատարելու պահից։
11.2 Այլ բան սահմանված չլինելու դեպքում, Ծառայությունները մատուցվում են ըստ Կազմակերպության կողմից սահմանված ժամանակացույցի, առանց ընդհատումների:
11.3 Կազմակերպությունըը իրեն իրավունք է վերապահում միակողմանի փոփոխություններ և լրացումներ կատարել Պայմանագրում , որի վերաբերյալ կտեղեկացնի Սովորողին։
11.4 Սույն պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով: Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերի լուծումը հանձնվում է դատարանի քննությանը:

12. Կազմակերպության վավերապայմանները

«Բիյոնդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

Իրավ. հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, ք.Երևան, Չարենցի փող. 2-րդ նրբ. 9 տուն

ՀՎՀՀ՝ 02827961, Հ/Հ ՝ 2050422353951001 «Ինեկոբանկ» ՓԲԸ-ում

Վեբ – կայք՝ beyondhub.co